Ոտքերի այտուցները կարող են բավական լուրջ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար՝ առաջացնելով խիստ տհաճ զգացողություններ, ուստի զարմանալի չէ, որ նման խնդիրների դեպքում մարդիկ փորձում են հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկել ու ազատվել այտուցներից։ Ընդ որում՝ այս խնդիրն առավել հաճախակի բնույթ է ստանում ամռանը, քանի որ շոգ եղանակը ևս նպաստում է այտուցների առաջացմանը։







Այս տհաճ խնդրից ազատվելու համար մարդիկ որպես կանոն միզամուղ ազդեցությամբ օժտված դեղամիջոցներ են ընդունում, սակայն դրանք իրենց քիմիական բաղադրության պատճառով հաճախ մի շարք կողմնակի բարդություններ են առաջացնում՝ էլ ավելի վատթարացնելով հիվանդի վիճակը։ Բարեբախտաբար այս դեղերից բացի գոյություն ունեն նաև ոչ պակաս արդյունավետ բնական միջոցներ, որոնք շատ ավելի հասանելի են ու անվտանգ, քանի որ բաղկացած են լինում բացառապես բնական բաղադրիչներից:



Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ բնական միջոցներից մի քանիսը, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել ոտքերի այտուցներից ու դրանց հետևանքով առաջացող տհաճ զգացողություններից։


2-3 թեյի գդալ քիմիոնի սերմերին ավելացնել մի բաժակ եռման ջուր և թրմել մինչև հեղուկը սառչի, այնուհետև բաժանել ստացված թուրմը 2-3 մասի և խմել օրվա ընթացքում։
2 թեյի գդալ սովորական հապալասենու տերևներին ավելացնել մի բաժակ ջուր, դնել կրակին ու կես ժամ եռացնել, որից հետո եփուկը քամել։ Ստացված ըմպելիքը հարկավոր է խմել օրական երեք անգամ ⅓ բաժակ։
1 ճաշի գդալ կեչու բողբոջներին կամ 2 ճաշի գդալ կեչու տերևներին ավելացնել կես լիտր եռման ջուր ու թրմել մեկ ժամ, այնուհետև թուրմը քամել ու ընդունել օրական 4 անգամ կես բաժակ։
2 ճաշի գդալ սովորական հապալասենու մանրացրած տերևներին ավելացնել մի բաժակ ջուր, դնել կրակին ու 15 րոպե եռացնել, որից հետո եփուկը քամել և ընդունել օրվա ընթացքում։
1։1։1 հարաբերակցությամբ խառնել անանուխը, կեչու տերևներն ու երիցուկի ծաղիկները, այնուհետև ստացված խառնուրդի 100 գրամին ավելացնել 1 լիտր եռման ջուր և մեկ ժամ թրմել։ Ոտքերն ընկղմել ստացված թուրմի մեջ և պահել 15-20 րոպե։

2 հում կարտոֆիլը քերիչով մանրացնել, այնուհետև ստացված խյուսը քսել այտուցված ոտքերին, ամրացնել կոմպրեսը որևէ կտորով կամ պոլիէթիլենային թաղանթով և թողնել 10-15 րոպե։
2 թեյի գդալ տերեփուկի չորացրած ծաղիկներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել մեկ ժամ, որից հետո քամել ու ընդունել օրական 3 անգամ երկուական ճաշի գդալ։
1 ճաշի գդալ կտավատի սերմերին ավելացնել մի բաժակ ջուր, դնել կրակին ու 15 րոպե եռացնել, որից հետո թրմել ևս մեկ ժամ։ Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական 2 անգամ ½ բաժակ։
1 ճաշի գդալ կռատուկի մանրացրած արմատներին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, 8 ժամ թրմել թերմոսի մեջ, որից հետո քամել, բաժանել 3-4 մասի և ընդունել օրվա ընթացքում։
2 ճաշի գդալ մասուրի չորացրած հատապտուղները լցնել թերմոսի մեջ, ավելացնել մի բաժակ եռման ջուր և թրմել 8 ժամ։ Ստացված թուրմը հարկավոր է խմել որպես թեյ։
1 կգ թարմ կամ սառեցված լոռամրգի հատապտուղներն անցկացնել հյութաքամիչով, այնուհետև ստացված հյութին ավելացնել շաքար (ըստ ճաշակի), դնել թույլ կրակին ու եփել 5 րոպե։ Ստացված համեղ ու օգտակար օշարակն ավելացնել թեյին ու խմել։


100 գրամ սոճու փշատերևներին ավելացնել 1 լիտր եռման ջուր, տարան կես ժամ դնել տաք գոլորշու վրա, այնուհետև թողնել թուրմը սառչի, քամել և ոտքերը 15 րոպե ընկղմել ստացված բուժիչ հեղուկի մեջ։
Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում այտուցները պայմանավորված են լինում առողջական բավական լուրջ խնդիրներով, ուստի նման միջոցների գործածությունից առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է վտանգավոր լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: